Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հպատակներին

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հպատակներին
27.12.2017 | 04:34

Տարեմուտի իր ուղերձում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Ելիզավետա 2-րդ թագուհին շնորհակալություն է հայտնել Լոնդոնին ու Մանչեստրին` ահաբեկչությունների հետևանքները հաղթահարելու տոկունության համար։ Նա հիշատակել է նաև Գրենֆել թաուերի հրդեհից փրկվածներին։ Անցյալ տարի թագուհին տկարության պատճառով ներկա չէր Սուրբծննդյան պատարագին։ Այս տարի Սանդրինհեմի պալատում արքայական ընտանիքին է միացել և արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլը։ Իր ամուսնության 70-ամյակի տարում թագուհին շնորհակալություն է հայտնել ամուսնուն` Էդինբուրգի հերցոգին, բոլոր տարիներին իրեն աջակցելու համար:

Նա նշել է, որ 96-ամյա հերցոգը այս տարի որոշել է «մի քիչ թուլացնել» տեմպերը` 2017-ի ամռանը հերցոգը արարողակարգային պարտականությունների մի մասը փոխանցեց որդուն` արքայազն Չառլզին, բայց որոշ արարողություններում ուղեկցում է տիկնոջը։ «Ես չգիտեմ` եղե՞լ է պլատինե հարսանիք (ամուսնության 70-ամյակը) հասկացությունը, երբ ես ծնվել եմ։ Կյանքի տևողությունն այն ժամանակ այլ էր»,- ասել է թագուհին։ Նա ընդգծել է ամուսնու «հումորի եզակի զգացումը»։ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության քաղաքացիներին ուղերձը թագուհին տեսագրել է մի քանի օր առաջ Բուկինգհեմյան պալատում։ ՈՒղերձի գլխավոր թեման ընտանիքի կարևորությունն է, որ նա անվանել է «ջերմության, բարյացակամության ու սիրո» բնակավայր։ Ելույթի ժամանակ թագուհու սեղանին են եղել ընտանեկան լուսանկարները, նա ասել է, որ ընտանիքում անհամբերությամբ են սպասում նոր անդամներին։ Քեմբրիջի դուքս ՈՒիլյամը և դքսուհի Քեթրինը սպասում են իրենց երրորդ երեխային ապրիլին, իսկ մայիսին արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնությունն է նշանակված։ Ելիզավետա 2-րդը ջերմությամբ է խոսել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների մասին «սարսափելի հարձակումների» տարում և ընդգծել է փրկվածների անհավանական քաջությունն ու տոկունությունը։ Գրենֆել թաուերի բազմահարկ շենքում հրդեհը, որ 71 մարդու մահվան պատճառ դարձավ, թագուհին անվանել է բացարձակ սարսափ։

«Մենք մտածում ու աղոթում ենք նրանց համար, որ զոհվեցին ու այդքան կորուստներ ունեցան, մենք երախտապարտ ենք արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին, որ անցյալ տարի վտանգում էին իրենց կյանքը` փրկելով մարդկանց»` ասել է թագուհին։ Վեստմինսթերի կամրջի վրա հարձակման ժամանակ մարտին 5 մարդ զոհվեց` 4 անցորդ և 1 ոստիկան։ Մայիսին թագուհին այցելեց հիվանդանոց, որտեղ բուժվում էին Մանչեստր արենայում ահաբեկչությունից, որ 22 մարդու կյանք խլեց, վիրավորները։ Մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրեց, երբ հանդիսատեսները ցրվում էին Արիանա Գրանդեի համերգից հետո։ «Իմ այցը հոսպիտալ ես համարում եմ ինձ վիճակված մեծ պատիվ` ես ծանոթացա մարդկանց հետ, որ օրինակ են մեր բոլորի համար»` ասաց թագուհին։ Մեկ ամիս անց` 8 մարդ սպանվեց, երբ 3 իսլամիստներ բեռնատարով մխրճվեցին անցորդների մեջ Լոնդոնի կամրջի վրա, որից հետո հարձակվեցին Բորո մարկետի այցելուների վրա։
ВВС


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի արքայական տան պատմության մեջ բոլոր ռեկորդները արխիվ հանձնած Ելիզավետա 2-րդը շարունակում է մնալ Եվրոպայի միապետներից առաջինն ու ամենաազդեցիկը։ Նրա հեղինակությունն ու վայելած սերն արդեն քննության ենթակա չեն։ ВВС-ին կամ ամբողջությամբ չի ներկայացրել թագուհու ուղերձը, կամ Ելիզավետա 2-րդը հարկ չի համարել բարի խոսքով հիշել Մեծ Բրիտանիայի վարչապետի ու կառավարության աշխատանքը: Գուցե նաև բրեկզիտի պատճառով։ Իսկապես 2017-ը վարչապետ Թերեզա Մեյի լավագույն տարին չէր` նա արտահերթ ընտրություններ նշանակեց, որտեղ դիրքերն ամրապնդելու փոխարեն ձայներ կորցրեց։ Ֆիասկոն այնքան մեծ էր, որ լեյբորիստները նույնիսկ վարչապետի հրաժարականն էին պահանջում, բայց Մեյը պահպանեց իշխանությունն ու արդեն Բրյուսելի հետ ավարտել է բրեկզիտի բանակցությունների առաջին փուլը` կանայք Մեծ Բրիտանիայում ժամանակավոր դժվարություններից չեն ընկրկում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ